Վրաստանում բավականին հակասական իրավիճակ է ստեղծվել, ինչը չի կարելի չտեսնել՝ վերլուծելով այդ երկրի իրադրությունը։ Հարկ է ուշադրության առնել այն հանգամանքը, որ յոթ տարուց էլ պակաս ժամանակամիջոցում Միխեիլ Սաակաշվիլին և նրա թիմը կարողացել են ներքին համախառն արտադրանքը և պետական բյուջեն ավելացնել 5-6 անգամ, ինչը բացառիկ երևույթ է Արևելյան Եվրոպայի համար։ Վարչարարության նոր համակարգ է ստեղծվել, լուրջ քայլեր են արվել իրավակարգի հիմքերը դնելու համար։ Ներկայիս կացությունն անհնար է համեմատել Էդուարդ Շևարդնաձեի ժամանակաշրջանի հետ, երբ պետությունն անվանական նշանակություն ուներ, երկրում քաոս էր տիրում, իշխանությունը ներկայանում էր առանձին ձեռնարկումների և հայտարարությունների տեսքով։ Ներկայիս հաջողություններն անհնար է անտեսել, բայց պետք է հասկանալ, որ երկրի ունեցած բնապաշարները և աշխատանքի միջազգային բաժանման մեջ նրա նշանակությունը թույլ չեն տալիս հասնել տնտեսական այնպիսի մակարդակի, որն ապահովեր գործազրկության նվազումը և բնակչության մեծ մասի սոցիալական պաշտպանվածությունը։ Երկրի բնակչության կեսից ավելին չի կարող քիչ թե շատ ապահովված համարվել, իսկ բնակչության առնվազն մեկ հինգերորդ մասը գտնվում է աղքատության գծից անդին։ Պահպանվում են կաշառասունությունը, վարչարարության չարաշահումները, շարունակում է մնալ տնտեսության կլանային համակարգը։ Վրաստանը շարունակում է լինել արդյունաբերություն չունեցող երկիր, արտահանումը խիստ սահմանափակ է, գերակշռում է ապրանքների վերաբաշխումը, ինչը բարձր շահույթ չի բերում։ Մոտ ժամանակներս նույնիսկ բավականաչափ էական արտաքին օգնության պարագայում Վրաստանին չի հաջողվի հաղթահարել այդ բարդ կացությունը, ինչը կկանխորոշի ներքաղաքական միտումը երկրում։ Հարկ է նշել, որ չապահովված մարդկանց այդչափ լայն զանգվածը մնում է որպես հիմք հանրության խիստ դժգոհության, բողոքի զանգվածային ելույթների, նոր ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների կազմավորման համար։ Դրա հետ մեկտեղ առկա են բնակչության բազմաթիվ խավեր, որոնք քիչ առավելություններ չեն ստացել Սաակաշվիլու քաղաքականության շնորհիվ՝ ներառյալ ոչ միայն վարչական և բյուջետային ենթախավը, այլև մանր ու միջին ձեռնարկատերերի մեծաթիվ խավերը, որոնք, համենայն դեպս, շահագրգռված չեն ներկայիս կառավարող վարչակարգի փոփոխմամբ։ Պետք է նաև նկատի առնել, որ երկրի 4360 հազար բնակչությունից ավելի քան մեկ միլիոնը գերադասում է տնտեսական արտագաղթը, ինչը հանգեցնում է սոցիալական կառուցվածքի ձևախեղման և մեղմացնում սոցիալական դժգոհությունը երկրում։ Չհասկանալ այս իրավիճակը, կնշանակեր անտեսել այն իրողությունը, որը կարող է հիմնորոշիչ նախադրյալ լինել իրավիճակի վերլուծության համար։ Սաակաշվիլին տակավին բավականաչափ ժողովրդականություն է վայելում և հենվում է բնակչության մեծաթիվ խավերի, նախ և առաջ, երիտասարդության վրա։ Եթե զգալի խավեր, այդ թվում` մտավորականությունը և միջին տարիքի մարդիկ, խիստ հիասթափված են Սաակաշվիլու արկածախնդրությունից՝ Օսիայում ռազմական գործողությունների առումով, ապա երիտասարդությունը նրան զգալի չափով համարում է իր հերոսը և այնպիսի քաղաքական գործիչ, որն ընդունակ է վճռական գործողությունների։ Սաակաշվիլու ժողովրդականության գործոններից մեկն ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունն է, հատկապես շրջաններում։
Ինքնուրույն քաղաքական գոյության անցած քսան տարիները հանգեցրել են որոշ կարծրատիպերի և կողմնորոշիչների ձևավորմանը վրաց հասարակության մտածողության մեջ։ Վրաց հասարակության լայն շրջանակների խնամառուական բնույթը փոխարկվել է արտաքին քաղաքականության ոլորտի, ինչը նշանակում է ԱՄՆ-ի համատարած և անվերապահ աջակցության ակնկալում, որը կոչված է Վրաստանը խնդիրների և ճգնաժամային պահերի հաղթահարման միջոցով տեղափոխել արևմտյան հանրակցության լիակատար ու գերիշխող վերահսկողության ոլորտ։ Ներկայումս, չնայած վրացիների բազում հիասթափություններին ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունից, նրանք դարձյալ շարունակում են Արևմուտքը դիտել որպես ոչ այլընտրանքային «բևեռ», և առաջատար քաղաքական կուսակցությունները, այդ թվում և` ընդդիմադիր, իրենց քաղաքականությունն ու դիրքորոշումները կառուցում են՝ ելնելով քաղաքական իրողության ու հեռանկարի այդ տեսլականից։ Ինչ վերաբերում է վրաց քաղաքական գործիչներին, որոնք հարաբերություններ են կարգավորում Մոսկվայի հետ, ապա նրանք նույն հաջողությամբ այցելում են Վաշինգտոն և եվրոպական մայրաքաղաքներ՝ ձգտելով պայմանավորվածության հասնել աջակցության շուրջ։
Ներկայումս ԱՄՆ-ը և Եվրոպան մոտավորապես նույն կերպ են վերաբերվում Սաակաշվիլուն։ Նա Արևմուտքի համար շատ անհարմար քաղաքական գործիչ է, և նրանք ուրախ կլինեին ազատվելու Վրաստանի գործող նախագահից։ Դրա հետ մեկտեղ ամերիկացիներն ու եվրոպացիները չէին ցանկանա, որ Վրաստանում ընդդիմությունն իշխանության հասներ ոչ օրինական ճանապարհով։ Ամերիկացի փորձագետներն ասում են, որ իրենք դժվար են պատկերացնում Սաակաշվիլուն որպես նախագահի ևս երեք տարի, բայց չեն հասկանում, թե ինչպես ազատվեն այդ քաղաքական գործչից։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը և Եվրոպան կցանկանային վերահսկել գործընթացները Վրաստանում և իրենց «կապել» առանց բացառության բոլոր՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Չի կարելի ասել, թե ինչն է քիչ թե շատ կարևոր քաղաքական խնդիր դարձել, բայց, այնուամենայնիվ, նման խնդիր գոյություն ունի։ Այս կապակցությամբ կարելի է չկասկածել, որ նույնիսկ եթե վրաց քաղաքական գործիչները լավ հարաբերություններ հաստատեն Մոսկվայի հետ, նրանց կապերը Վաշինգտոնի հետ չեն թուլանա։
Ելնելով այդ հանգամանքներից` մենք հետևյալ առաջարկություններն ենք անում Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների առնչությամբ Ռուսաստանի հնարավոր քաղաքականության վերաբերյալ։
Վրաց քաղաքական գործիչների միջավայրում չպետք է որոնել «ամերիկատյացի» կամ առավելապես դեպի Մոսկվա կողմնորոշվածի։ Դա խիստ անխելամիտ կլիներ, միանգամայն միամտություն ու ապարդյուն։ Նման կարգի քաղաքական գործիչ, որն օժտված լիներ իրական հնարավորություններով իշխանության համար մղվող պայքարում, Վրաստանում չկա։ Ընդհակառակը, քաղաքական առումով ավելի ճիշտ կլիներ շեշտը դնել քաղաքական ու վարչական փորձ ունեցող, իշխանության միջանցքներում եղած, երկրում բավականաչափ համբավ և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական առաջատար պետությունների քաղաքական գործիչների հետ պարտավորեցնող հարաբերություններ ունեցող քաղաքական գործչի վրա։ Ռուսաստանն արդեն ունի Ասլան Աբաշիձեի և Ջոմբեր Պատիաշվիլու հետ միանշանակ հույսեր կապելու տխուր փորձը, կամ էլ Իգոր Գեորգաձեի, որը «հետնապահ» է դարձել քաղաքականության մեջ։
Պետք է հիշել, որ ԱՄՆ-ը կարող էր Ռուսաստանի հետ որոշ պայմանավորվածությունների հասնել Վրաստանի և ամբողջ Հարավային Կովկասի շուրջ, և ամերիկացիները շատ մոտ են նման պայմանավորվածությունների։ Վրաստանի նախագահի պաշտոնում «իր մարդուն» պարտադրելու քաղաքականությունը կհանգեցնի լուրջ առճակատման, որի հետևանքով կկորսվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարածաշրջանային քաղաքականության համաձայնեցման հնարավորությունները, միաժամանակ եվրոպացիների հակազդեցությանը։ Այդ պատճառով Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդը, որը քիչ թե շատ ընդունելի կլինի Ռուսաստանի համար, պետք է առնվազն ԱՄՆ-ի հավանությանն արժանանա։ Այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Նինո Բուրջանաձեն է, նկատի առնելով նրա գործունեությունը Մոսկվայում և Վաշինգտոնում, միանգամայն համապատասխանում է այդ պահանջներին։ Նման քաղաքական գործիչ կարող է դիտվել նաև Իրակլի Ալասանիան, թեև նա տակավին պատշաճ աջակցություն չի գտել ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Ռուսաստանում։ Թվում է, որ հենց այդ երկու քաղաքական գործիչների վրա կարող է հույս դնել Ռուսաստանը։ Դա նշանակում է, որ պետք է «նրանց շրջանառել» ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ռուսաստանը Վրաստանի և վրաց հասարակության վրա ազդելու հսկայական հնարավորություններ ունի։ Այդ ազդեցությունն այսօր էլ է առկա, ուստի քիչ թե շատ ընդունելի նախագահ ընտրելիս Ռուսաստանը կարող էր Վրաստանի վրա ներազդելու ավելի համակարգված ծրագիր իրականացնել։ Նման հնարավորություններ չունեն ո՛չ Եվրոպայի պետությունները, ո՛չ ԱՄՆ-ը։ Ազդեցության այդ լծակները, չնայած երկու երկրների առճակատմանը, նվազ արդյունավետ չեն, և ոչ մի երկյուղ չկա, թե ժամանակի ընթացքում կնվազի Ռուսաստանի դերը Վրաստանի կենսագործունեության մեջ։ Բնակչության հասարակայնորեն ակտիվ շրջանների զգալի մասը հետզհետե ավելի շատ է Ռուսաստանի նկատմամբ Սաակաշվիլու քաղաքականությունն ընկալում որպես անիմաստ, իրենց երկրի ազգային շահերին չհամապատասխանող։ ՈՒստի Ռուսաստանը Վրաստանի վրա ազդելու առումով չի հայտնվի «երկրորդական» տերության դերում, եթե վրաց քաղաքական գործիչները շարունակեն ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի առջև ծառացած է ԱՄՆ-ի ներթափանցման ներկայիս շրջանն իր համար բարեհաջող և առանց մեծ վնասի վերապրելու խնդիրը, շրջան, որը, ըստ երևույթին, կտևի մոտ 15-20 տարի։ Ռուսաստանի ռազմավարությունը պետք է ենթադրի այնպիսի քաղաքական ծրագիր, որը հաշվի առնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ասիական տերությունների շահերն ու դրանցից բխող սպառնալիքները։
ԱՄՆ-ի համար Կովկասի ներկայիս իրավիճակը և տարածաշրջանում Ռուսաստանի դերը միանգամայն բարենպաստ են։ Ռուսաստանն օբյեկտիվորեն դիմակայում է Թուրքիային և նրա հետ հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ չի կարող հոգ չտանել վերջինիս քաղաքականությանը հակազդելու մասին։ Ռուսաստանն ինչ-որ չափով մշակել և առաջ է քաշել Իրանի նկատմամբ փոփոխված քաղաքականություն, ինչը նրան ապահովում է դիրքորոշումների և հայացքների մերձեցում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Կասկած չի հարուցում, որ Ռուսաստանը հույժ շահագրգռված է միջազգային արմատական կառույցների և Աֆղանստանում արմատականների ու ահաբեկչության դեմ մղվող պայքարով։ Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է Չինաստանի ներթափանցման զսպմամբ՝ հասկանալով, որ Եվրասիայի վրա նոր և իրական սպառնալիք է գալիս Արևելքից։ Ռուսաստանը հռչակել է իր աշխարհաքաղաքական շահերը՝ նշելով իր ազգային շահերի գոտիները, ինչն այնքան էլ չի հակասում ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների արմատական շահերին։ Ռուսաստանը հետզհետե ավելի նվազ չափով է Արևմուտքի կողմից դիտվում որպես սպառնալիք ու հակառակորդ, իսկ ավելի շուտ որպես ենթակա գործընկեր իր խնդիրների լուծման մեջ, երբ Ռուսաստանը կարող է բուֆերի կամ իսլամական աշխարհից և Չինաստանից ակնկալվող սպառնալիքները վանողի դեր խաղալ։ Ռուսաստանի համար այդ ոչ այնքան նախապատվելի և շատ վտանգավոր գործառույթը, այնուամենայնիվ, նրան ավելի շատ հնարավորություններ է ընձեռում խուսանավելու և իրավահավասար տեղ զբաղեցնելու աշխարհում։ Տվյալ իրավիճակը և հեռանկարային զարգացումները հանգեցնում են այն մտքին, որ Սև ծովի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի առնչությամբ չարժե իրավիճակը գունազարդել, հասկանալով, որ ժամանակը, անտարակույս, աշխատում է Ռուսաստանի օգտին։ Բավական էր ԱՄՆ-ը նվազեցներ ակտիվությունը Արևելյան Եվրոպայի և Կովկասի նկատմամբ, որ վրաց քաղաքական գործիչներն աշխուժացնեին իրենց գործունեությունը Մոսկվայի ուղղությամբ։
Վրացական քաղաքական «դաշտը» շատ բազմադեմ է, և քաղաքական գործիչների շրջանում քիչ չեն այնպիսիք, որոնք կարող են քիչ թե շատ ռուսամետ թվալ, ինչը հանգեցնում է նախապատվությունների մտքին։ Նման քաղաքական գործիչների թվում են նաև նրանք, ովքեր արդեն երկու տասնամյակ եռանդուն զբաղված են քաղաքականությամբ, և նրանք, ովքեր քաղաքականություն են եկել վերջին տարիներին։ Սակայն բնավ անհրաժեշտություն չկա քաղաքական գործիչների շրջանում զբաղվելու նրանցով, ովքեր որոշակի քաղաքական գաղափարախոսության կրող են։ Վրաստանի ու նաև շատ այլ երկրների ժամանակակից կացության մեջ քաղաքական գաղափարախոսությունը չի կարող ոչ մի նշանակություն ունենալ։ Գլխավորը իշխանության գլուխ անցնելն է և երկիրը հաջողությամբ կառավարելը։ Սկզբունքորեն կարելի է հույս դնել ցանկացած քաղաքական գործչի վրա, որը «չի այրել կամուրջները» համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ և պատրաստ է գործնական արտաքին քաղաքականություն իրականացնելու։ Միխեիլ Սաակաշվիլու մոդելը իդեալական էր խիստ առճակատման պայմաններում և իրեն սպառեց, երբ առճակատման մակարդակը նկատելիորեն նվազեց։ Հայտնվելով գործնական քաղաքականություն իրականացնելու խնդրի առջև` Սաակաշվիլին պարզեց, որ ինքն այլևս ո՛չ մանևրելու հնարավորություն, ո՛չ էլ ժամանակ ունի։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Վրաստանի նախագահի պաշտոնում այնպիսի մեկը լինի, որը կարողանա ավելի խաղաղ ու կանխատեսելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը չցանկանար վրաց-ռուսական հարաբերությունների լիակատար կարգավորում, չնայած այդպիսի հեռանկար առայժմ չկա էլ, սակայն ամերիկացիները շահագրգռված են Կովկասում կանխատեսելի իրավիճակով, Ռուսաստանի կողմից որևէ սպառնալիքի վերացմամբ։ Ռուսաստանը ճկունություն և մեծ վարպետություն դրսևորեց Վրաստանում ռազմական գործողություն իրականացնելիս, երբ թույլ չտվեց նույնիսկ աննշան վնաս հասցնել էներգետիկ հաղորդակցություններին, որոնք այդ ժամանակ ԱՄՆ-ի համար ունեին արդեն ոչ թե էներգետիկ, այլ խորհրդանշական, այսինքն՝ հեղինակության նշանակություն։ Խանդավառություն ապրելուց հետո ամերիկացիները հասկացան, որ Ռուսաստանը կառավարում են ոչ թե նախահարձակների հոգեբանությամբ մարդիկ, այլ միանգամայն կանխատեսելի քաղաքական գործիչներ։ Վաշինգտոնում Ռուսաստանի այդ գործողությունները դարձան շատ կարևոր հանգամանք, և ամերիկացի փորձագետներն այդ իրադարձությունները դիտում են որպես իր հանդեպ հարգալից վերաբերմունք պարտադրելու ռուսական հայտ։ Ռուս-ամերիկյան հարաբերություններն ակնհայտորեն շրջվում են դեպի առավել սերտ համագործակցություն, և դրա պատճառներից մեկը տարածաշրջանային մի շարք լուրջ խնդիրներում երկուստեք շահերի ըմբռնումն է։ Առայժմ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Եվրոպայի մասնակցությամբ փոխըմբռնման են հասել իրանական թեմայի շուրջ, առջևում թուրքական թեման է, որի շուրջ նույնպես Ռուսաստանը և ԱՄՆ-ը կհանգեն այդ հավակնոտ երկրի զսպման անհրաժեշտության ըմբռնմանը։ Բայց ամերիկացիները Ռուսաստանի «ռազմավարական հավաքագրման» հույսեր են տածում Չինաստանին զսպելու խնդիրների առնչությամբ, ինչը ԱՄՆ-ի համար կդառնա գլխավոր մրցանակը` Ռուսաստանի նկատմամբ չափավոր քաղաքականություն վարելու գործում։ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մի շարք պահանջներ, այդ թվում վրացական հարցում, ձևական, ոչինչ չպարտավորեցնող հայտարարությունների տեսք են ընդունում։ Միանգամայն հավանական է, որ Վրաստանի ապագա ղեկավարի կերպարի իր նախապատվությունները ԱՄՆ-ն ինչ-որ ձևով կհամաձայնեցնի Ռուսաստանի հետ։
Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Վրաստանի նախագահի պաշտոնում տեսնելու ամբոխահաճո գործչի, որն իրապես հենվում է հասարակության սահմանափակ խավերի վրա։ Ռուսաստանը կարող է շատ կառուցողական հարաբերությունների մեջ մտնել այն քաղաքական գործիչների հետ, որոնք հասցրել են հռչակել իրենց արևմտամետ քաղաքականությունը, բայց իրենց չեն արատավորել հակառուսական անհեթեթ, անխելամիտ վարքագծով։ Պետք է համոզված լինել, որ ցանկացած վրացի քաղաքական գործիչ դնելու է Աբխազիայի և Օսիայի հարցը. դրանում կասկած լինել չի կարող։ Բայց խնդիրն այն է, թե հարցն ինչպես կդրվի՝ առճակատմա՞ն ռեժիմով, թե կառուցողական երկխոսության շրջանակներում՝ հաշվի առնելով իրողությունները։ Համենայն դեպս, պետք է համոզված լինել, որ Վրաստանի ցանկացած հաջորդ նախագահը, որը Սաակաշվիլու ճամբարից չի լինի, կհամագործակցի Ռուսաստանի հետ, ընդ որում՝ լայն դիապազոնով։ Ռուսաստանն օժտված է համագործակցության բոլոր հնարավորություններով, և ոչ միայն տնտեսական ոլորտում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ոճը բնութագրվում է աճապարանքով, իմպուլսիվությամբ, քանի որ Մոսկվայում երկյուղ են կրում, թե կկորցնեն թանկ ժամանակը։ Այդ առնչությամբ Մոսկվան շարունակում է իշխանությունից Սաակաշվիլուն հեռացնելու գործը։ Բայց չկա ոչինչ ավելի անիմաստ, քան Վրաստանի գործող նախագահի հեռանալն արագացնելը։ Նա միանգամայն փակուղային և, ինչ-որ իմաստով հրեշավոր փորձ է իրականացնում, որը տանում է Վրաստանի վերջնական տրոհման և պետականության կորստի։ Իսկ ավելի լավ էլ ինչ կարող են սպասել ռուս քաղաքական գործիչները։ Նրանք առնվազն կարող են հանգիստ սպասել, մինչև Վրաստանը վերջնականապես վերածվի տնտեսական հետնապահի՝ գտնվելով տևական մեկուսացման մեջ։ Երկրի նոր ղեկավարը, անշուշտ, կդառնա նոր ուշադրության և Վրաստանում վերստին փորձ իրականացնելու շահագրգիռ պետությունների օբյեկտ։ Եթե Սաակաշվիլին սկզբում խնդիր էր դարձել Ռուսաստանի, այնուհետև Եվրոպայի և Ամերիկայի համար, այժմ նա դադարել է ԱՄՆ-ի համար խնդիր լինելուց, վաղը` Եվրոպայի, իսկ հետո նաև` Ռուսաստանի։ Եվ սա միանգամայն տրամաբանական է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ